Time ամսագիրը «տարվա մարդ» է ճանաչել Գրետա Տունբերգին

17:15 • 11.12.19

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչվել՝  ըստ Time ամսագրի, տեղեկանում ենք Time ամսագրի կայքէջից: 

«Դեռահաս ակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարով, Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ 2019» և այդպիսով դարձել 92-ամյա պատմության մեջ այս տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ անձը»,- հայտարարել է Time ամսագրի գլխավոր խմբագիրը՝ մեկնաբանելով այս ընտրությունը:

Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

Հավակնորդների ցուցակում էին քաղաքական գործիչներ, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինփինը:

Հավակնորդների թվում էր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անանուն սպան, որը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային խոսակցության բովանդակության մասին:

 

Climate activist Greta Thunberg photographed on the shore in Lisbon, Portugal December 4, 2019