Բանտարկված լրագրողների թվով առաջատար երկրներն են Չինաստանը և Թուրքիան. զեկույց
«Լրագրողների պաշտպանության հարցերով հանձնաժողով» շահույթ չհետապնդող խումբը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ առնվազն 250 լրագրող բանտում է գտնվում իրենց ծավալած մասնագիտական գործունեության պատճառով:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Լրագրողների պաշտպանության հարցերով հանձնաժողովի տվյալներով՝ լրագրողերն ամենից շատ ձերբակալվում են Չինաստանում, Թուրքիայում, Սաուդիան Արաբիայում և Եգիպտոսում: Խումբը պարզել է, որ նրանց մեծամասնությունը բանտում է հայտնվել «հակապետական մեղադրանքների» պատճառով:
Նոր զեկույցում հանձնաժողովը նշել է, որ «կեղծ լուրերի» համար մեղադրվող լրագրողների թիվն այս տարի մեծացել է: 2019-ին նման մեղադրանքով բանտում է հայտնվել 30 լրագրող: Մինչդեռ 2018-ին այդ ցուցանիշը կազմում էր 28, իսկ 2012-ին՝ ընդամենը 1:
Ճաղերի հետևում գտնվող լրագրողների թիվը շարունակում է բարձր մնալ: Հանձնաժողովի տվյալներով՝ 2018-ին նրանց թիվը 255 էր կազմում: Իսկ ռեկորդային ցուցանիշն այս առումով գրանցվել էր 2016-ին՝ 273 լրագրող:
Զեկույցի համաձայն՝ Չինաստանում 2019-ին առնվազն 48 լրագրող է ձերբակալվել, Թուրքիայում՝ 47, Սաուդյան Արաբիայում՝ 26 , Եգիպտոսում՝ 26:










