Հայաստանում պետք է ծնվի Jingle bells-ի կամ Happy birthday-ի հետ մրցող երգ. դա ևս մեր պետական, ազգային ինքնության համար շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան
Ես մի քիչ խանդով եմ վերաբերվում, երբ տեսնում եմ, որ մեր ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, քան հայկական երաժշտությունը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ պետք է նոր երգ գրելու պրոցեսը շարունակենք այնքան ժամանակ, որ մեր գրած ամանորյա երգը նույնքան պոպուլյար լինի Հայաստանում, ինչքան, օրինակ, Jingle bells-ը կամ Happy birthday-ը»,-ասաց վարչապետը՝ նշելով, թե երեկ իմացել է Ամանորի վերաբերյալ երգի մասին, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։
«Չգիտեմ՝ կոնկրետ այդ երգն այդպիսին կդառնա՞, թե՝ ոչ: Իմ կարծիքով՝ այս պրոցեսը պետք է շարունակվի այնքան, մինչև Հայաստանում ծնվի այնպիսի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից՝ Հայաստանում, հետո՝ ամբողջ աշխարհում կհաղթի գլոբալ երգերին: Կարծում եմ՝ սա նույնպես մեր պետական, ազգային ինքնության համար շատ կարևոր է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:










