Ադրբեջանում խոսքի ազատության պաշտպանության առումով որևէ առաջընթաց չի գրանցվել. հրապարակվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ներկայացրել է Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցը, որը կազմել է 2019-ի հուլիսի 8-12-ը երկիր կատարած այցի արդյունքում:
Հանձնակատարն ափսոսանքով նկատում է, որ Ադրբեջանում խոսքի ազատության պաշտպանության առումով որևէ առաջընթաց չի գրանցվել: Նա մտահոգություն է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում բազմակարծության բացակայության, ինչպես նաև մամուլի ազատությանը կամայական միջամտությունների համար:
Միյատովիչը նկատում է, որ խոսքի ազատության սահմանափակումների հարցը բարձրացվել է 2018-ի մայիսին՝ Համընդհանուր պարբերական վերանայման ժամանակ, որի ընթացքում անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի բոլոր երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:
Նշվում է, որ մի շարք երկրներ կոչ են արել վերացնել ազատության սահմանափակումները և ապահովել լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության անդամների կողմից օրինական գործունեություն ծավալելու հնարավորությունը:
Հանձնակատարը նաև կոչ է արել անօրինական խոչընդոտներ չստեղծել մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով՝ շեշտելով, որ տասնյակ լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ կանգնած են Ադրբեջանի սահմաններից դուրս գալու արգելքի առաջ:
Բացի այդ, զեկույցում ասվում է, որ լրագրողներն ու ակտիվիստները, որոնք այլ կարծիք են հայտնում կամ քննադատում են իշխանություններին, կալանավորվում են և բանտարկվում տարբեր մեղադրանքներով, ինչպես օրինակ՝ ոստիկանությանը չենթարկվելը:










