Սկսվել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը. Ermenihaber.am
Սկսվել է Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ի թղթակիցը Ստամբուլից։
Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից պատրիարքարանում հավաքվել են համայնքի կողմից ընտրված բոլոր աշխարհիկ 103 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցները։ Ուստի սպասվում է, որ հավանաբար պատրիարք կընտրվի հենց Մաշալյանը։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլում՝ դեկտեմբերի 7-ին, ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել է 17 հոգևոր պատվիրակ: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն են, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:










