Պետության ընդունած ակտը բողոքարկելու համար պետությունը նորից պետտուրք է ուզում, արդարացի չէ. Տարոն Սիմոնյանը՝ ՃՈ-ի որոշումները բողոքարկելու համար 4000 դրամ վճարելու մասին
Պետական տուրք այն պարագայում են վճարում, երբ պետությունը կոնկրետ ծառայություն է կատարում անձի համար, այս պարագայում պետության կողմից ընդունված ակտը բողոքարկելու համար, նորից պետությունը պետական տուրք է ուզում, որ դատական կարգով գործը լսի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի ընդունման և կից պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցին:
Նշենք, որ նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, որի գումարը կազմում էր 4000 դրամ: Հիմա ԱԺ-ն ընդունել է դրույթ, որ քաղաքացիներն այս վարչական տուրքը վճարելու են: Նախագծին դեմ էր քվեարկել խորհրդարանական ընդդիմությունը:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենց բացասական քվեարկությունը այս դրույթով է պայմանավորված:
«Առաջին ընթերցման ժամանակ դրական քվեարկեցինք, որովհետև բալային համակարգին կողմ էինք, և գտնում էինք, որ վարորդները, որոնք քիչ են խախտում կատարում, ավելի քիչ պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն, քան նրանք, որոնք ավելի շատ են խախտում կատարում: Բայց արի ու տես, որ երկրորդ ընթերցումից առաջ շտապ բերվեց այդ փոփոխությունը և անտեսանելի ձևով այնպես արվեց, որ անգամ չբարձրաձայնվեց, հետո միայն ի հայտ եկավ մեր կողմից, որ նման խնդիր կա: Այդ ժամանակ չբարձրաձայնեինք և քանի որ ոչ մի բան չփոփոխեցին, դեմ քվեարկեցինք»,- պարզաբանեց պատգամավորը:
Նա մանրամասնեց, որ այն ժամանակ, երբ վարչական իրավախախտումները բողոքարկվում էր, այդ ժամանակ վարչական պետական տուրք չկար, հիմա այդ բացառությունների ցանկից դա հանվել է:
Հարցին՝ ոստիկանությունը պատրա՞ստ է անաչառ և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրել իր իսկ ընդունած վարչական ակտերը, նա պատասխանեց. «Իհարկե ոչ, նախկինում էլ չի կարողացել, հիմա էլ չի կարողանում: Հույս ունեմ, որ մի քիչ աշխատանքի որակը կփոխվի, բայց արի ու տես, որ չի փոխվում, հիմա տեսնենք: Այս պրակտիկան նախորդ իշխանության ժամանակ էր ընդունված, որ երկրորդ ընթերցումից առաջ շտապ ինչ-որ բաներ էին բերվում, փոփոխություններ ու առանց քննարկելու մտցնում, հիմա փաստորեն նույն պրակտիկան այստեղ արձանագրվեց»:
Խոսելով այս դրույթի վտանգների մասին՝ պատգամավորն ասաց, որ վտանգն այն է, որ 1000 դրամ տուգանված մարդը ստիպված 4000 դրամ էլ պետք է վճարի, որ դատարանը լսի նրա հարցը: «Վտանգը դրանում է և այդտեղ մի քիչ տրամաբանություն չկա, որովհետև գիտեք, որ պետական տուրք վճարում են այն դեպքում, երբ պետությունը կոնկրետ ծառայություն է կատարում անձի համար. այս պարագայում պետության կողմից ընդունված ակտը բողոքարկելու համար նորից պետությունը պետական տուրք է ուզում, որ դատական կարգով գործը լսի: Արդյո՞ք սա արդարացի է, իհարկե, ոչ»:
Ինչ վերաբերում է արդարացումներին, թե սա արվում է դատարանների գերբեռնվածությունը թոթափելու համար, Սիմոնյանն ասաց. «Կարող է որպես հիմնավորում բերվել, բայց այս քայլով նման խնդիր չի լուծվում»:










