Թուրքիան սպառնացել է փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան, եթե ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի

13:46 • 11.12.19

Եթե Վաշինգտոնը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը և որոշում կկայացնենք: Եթե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, ապա օրակարգային կլինի «Ինջիրլիք» (ամերիկյան ռազմաբազա, որը գտնվում է Թուրքիայի հարավում) և Քյուրեջիքի ռազմակայանների հարցը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների` մատակարարումից հրաժարվելու դեպքում, ռուսական կործանիչները դիտարկում է որպես ամերիկյան F-35 ինքնաթիռի այլընտրանք:  

«Միացյալ Նահանգները մերժում է մեր բոլոր առաջարկները: Պետք է հասկանան, որ իրենց ասածը պնդելը ոչ մի արդյունք չի տա: Եթե Միացյալ Նահանգները դրական վերաբերմունք ցուցաբերի, ապա մենք նույն կերպ կպատասխանենք նրան: Բայց եթե չկարողանանք գնել F-35-ը, ապա այլընտրանք կփնտրենք: Դա կարող է լինել և՛ ռուսական, և՛ ցանկացած այլ շուկա»,- հավելել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը` Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ առաջացրած С-400 հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումը սկսվել է հուլիսի կեսերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` այս համակարգերն ամբողջովին գործածության մեջ կդրվեն 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել այդ գործարքից և դրա փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները, հակառակ դեպքում սպառնացել է ամբողջովին չեղարկել կամ հետաձգել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև CAATSA-ին («Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) համապատասխան պատժամիջոցեր կիրառել, սակայն Անկարան հրաժարվել է զիջումների գնալ: