«Հանդուգն Թուրքիան 3-րդ հորատող նավը կուղարկի Միջերկրական ծով». The Times

09:49 • 11.12.19

Թուրքական «Ֆաթիհ» և «Յավուզ» հորատող նավերը Կիպրոսի մերձակա ջրային տարածքներ ուղարկելուց հետո, Թուրքիան այժմ էլ երրորդ հորատող նավն է ցանկանում Միջերկրական ծով ուղարկել: Այս մասին գրում է The Times պարբերականը՝ նշելով, որ այս քայլը Թուրքիայի կողմից մարտահրավեր է Եվրամիությանը՝ չնայած Բրյուսելի բազմաթիվ զգուշացումներին:

«Հանդուգն Թուրքիան 3-րդ հորատող նավը կտեղակայի Միջերկրական ծովում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Թուրքիան բանակցություններ է վարում 3-րդ հորատող նավը ձեռք բերելու ուղղությամբ: Ամենահավանական թեկնածուն, որից կարող է Թուրքիան հորատող նավ ձեռք բերել, Նորվեգիան է, որից Թուրքիան գնել էր նաև առաջին երկու հորատող նավերը:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: