Ուսուրիյսկում կինը խմելու է գնացել անծանոթ տղամարդու հետ՝ երեխային մոռանալով կայարանում

11:13 • 11.12.19

Ռուսաստանի Դաշնության Ուսուրիյսկ քաղաքում կինն իր 5-ամյա որդուն թողել է կայարանում, որպեզի անծանոթ տղամարդու հետ խմելու գնա: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից:

Հնգամյա տղային կայարանում են գտել հերթապահություն իրականացնող ոստիկանները: Երեխան  ոստիկաններին պատմել է, որ մայրն իրեն թողել է կայարանում ու գնացել անհայտ ուղղությամբ: Անչափահասների գործերով զբաղվող քննիչները, ոստիկանության մայոր Աննա Մինաևան և ոստիկանության մայոր Ալեքսանդր Խոմլյուկը կարճ ժամանակում կարողացել են գտնել երեխայի մորը: Նրան գտել են կայարանից ոչ հեռու՝ հարբած:

Կնոջ խոսքով՝ ինքը 5-ամյա որդու հետ Վլադիվոստոկից գնում էր Բանևուրովո (գյուղ Ուսուրիյսկի մոտակայքում), սակայն անուշադրության պատճառով բաց է թողել կանգառը և իջել Ուսուրիյսկում: Այստեղ նա հանդիպել է մի տղամարդու, ով նրան առաջարկել է խմել «ծանոթության համար»:

«Անչափահասի ծնողի նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «Ծնողական դաստիարակության պարտականությունների ոչ պատշաճ կատարման» հոդվածով»,-նշել է  ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նա ավելացրել է նաև, որ քննիչները պրոֆիլակտիկ զրույց են ունեցել երեխայի հետ: Հինգամյա երեխայի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ոստիկանությունը որոշել է  տղային ուղարկել «Ուսուրիյսկի անչափահասների սոցիալական վերականգնողական կենտրոն»: