Տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց վառելափայտով բարձված մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. Վահան Թումասյան
«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս պահին «Շիրակ կենտրոնին» հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:
«Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:
Հիմա խնդրում եմ կամ բացատրեք ոստիկաններին չխոչնդոտեն վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից»,– ասվում է հայտարարությունում:










