Դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել. փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը. Տիգրան Ավինյանը՝ վարչապետին

12:57 • 12.12.19

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն   անդրադարձավ Կանանց հարցերով խորհրդին. «Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,-նկատեց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞վ պետք է լիներ, իսկ փոխվարչապետը պատասխանեց. «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»: Իսկ վարչապետն էլ ասաց, որ ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։

Ավինյանը նշեց, որ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցերը քննարկվել են Կանանց խորհրդում և հավելեց, որ ունենալու ենք թիրախավորված, փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ։

«Մեր ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։ Կարծում եմ՝ շատ ավելի թիրախավորված կարելի է աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Ավինյանը։