Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից
Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու՝ այսօր կայացրած որոշումից հետո այնտեղ լարված մթնոլորտ է ստեղծվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը:
Նա նշեց, որ թեև աշխատակիցները լուծարման մասին տեղյակ էին դեռ հոկտեմբերի կեսերից, վերջնական որոշումը, միևնույն է, անհանգստություն առաջացրեց: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ տուն-ինտերնատի բոլոր 72 աշխատակիցներն այսօր ժողով են իրականացրել, որի ընթացքում ներկայացրել են իրենց մտահոգությունները:
«Աշխատակիցների գլխավոր մտահոգությունն այս պրոցեսի գաղտնիությունն է: Խոսքը կենդանի մարդկանց, նրանց ապագայի մասին է, բայց որևէ ինֆորմացիա, հաջորդ քայլերի որևէ հստակություն չկա: Մեզ ընդամենը մի տոկոսային տվյալ են տրամադրել, համաձայն որի՝ աշխատակիցների 70%-ը կշարունակի աշխատել, 30%-ը կազատվի աշխատանքից, իսկ նրանց ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկատարվի ըստ կենսաթոշակային տարիքի»,-ասաց Արմեն Սարուխանյանը:
Խնամքի ծառայությունը կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության, բայց թե ո՞ր կազմակերպությանը, աշխատակիցներին հայտնի չէ:
Սարուխանյանի խոսքով՝ լարվածություն կա նաև տուն-ինտերնատի շուրջ 160 շահառուների շրջանում: «Նրանք սովորել, հարմարվել են այս աշխատակիցներին: Ամեն մեկն իր մթնոլորտը ստեղծել էր, և, բնականաբար, ցանկացած արմատական փոփոխություն, այն էլ՝ տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ոչ կոմֆորտ զոնա է ստեղծում: Այժմ կփորձենք իրենց էլ համոզել, որ ինչ կատարվում է, իրենց օգտին է կատարվում»,-ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կառավարության որոշումը պետք է կատարվի առաջիկա 15 օրվա ընթացքում, բայց Սարուխանյանը չգիտի՝ այդ ընթացքում աշխատակիցները կաշխատե՞ն սովորական աշխատանքային ռեժիմով, թե՞ ոչ:
«Նրանք ստեղծել են իրենց շահերի պաշտպանության կոմիտե, և այդ կոմիտեում քննարկում են իրենց առաջիկա քայլերը, թե ինչպես են արձագանքելու այս պրոցեսին: Այս պահին որևէ հստակ որոշում չկա, քննարկում են իրականացնում»,-ասաց Արմեն Սարուխանյանը:
Նշենք, որ ըստ կառավարության հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը:










