ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը խորքային պետության դասական օրինակ է. Դանիել Իոաննիսյան
Այսօր լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի նորահայտ անդամ Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կարծիքին ա այն, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։
Իոաննիսյանը պատասխանեց, որ երևույթը deep state (խորքային պետություն) է կոչվում և նա ևս տեսնում է դիմադրություն հեղափոխությանը։ «Օրինակ՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է»,- ասաց նա։
Իոաննիսյանի խոսքով՝ պետկառավարման համակարգում շատերը կան, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Ըստ նրա՝ ովքեր կոմֆորտի գոտիում են, ցանկանում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
«Այս առումով շատ հասկանալի է այդ մարդկանց մոտեցումը։ Նրանք ժողովրդավարական փոփոխություններ չեն ուզում, խաղի կանոնների փոփոխություններ չեն ուզում, որովհետև փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, հնարավոր է, այլևս պետք չլինեն»,- նշեց նա։
Նա նշեց, որ նրանք, ովքեր տարիներ շարունակ մասնագիտացել են ընդդիմությանը հետապնդելու մեջ, ժողովրդավարության պայմաններում մնալու են անգործ։ Նա ասաց, որ իրավապահ համակարգի բոլոր օղակներում բարեփոխումներ են անհրաժեշտ, ինչպես օրինակ՝ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, որպեսզի համակարգերի տրամաբանությունը փոխվի։










