Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը մաքսային կցորդ կլինի. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսուհետև Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ»,-ասաց ՊԵԿ նախագահը և նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու: ՊԵԿ նախագահը նշեց, որ կցորդին նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: «Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ողջունեց որոշումը: «Վստահ եմ, որ մեր կցորդն ունենալով այնտեղ, շատ հարցեր կդյուրացնենք»,-հավելեց նա:










