Ընտրություններ՝ հրաժարականների ֆոնին. ի՞նչ է տեղի ունեցել վերջին 9 ամիսներին. Independent Turkish-ի անդրադարձը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

11:20 • 12.12.19

Տասը տարի առանց պատրիարքի մնացած Ստամբուլի հայկական համայնքն ընտրել է նոր հոգևոր առաջնորդի: Այս մասին բրիտանական Independent պարբերականի թուրքական ծառայության կայքում տպագրված իր վերլուծական հոդվածում գրել է Մելիքե Չափանը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կանոնակարգում փոփոխություն մտցնելը ստվեր նետեց ընտրությունների վրա, գրում է հոդվածագիրը:

Այս տարվա մարտի 8-ին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո սկսված և 9 ամիս ձգված նախընտրական գործընթացում ի՞նչ է տեղի ունեցել:

Քննարկման առաջին փուլը վերաբերում էր պատրիարքի տեղապահի թեկնածությանը: Տեղապահի պարտականությունները կատարում էր այժմ ընտրված պատրիարք Սահակ Մաշալյանը:

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը համարվում էր ամենահակասական կերպարներից մեկը: Նախընտրական շրջանում նա շարունակում էր կատարել իր պաշտոնական պարտականությունները:

Հուլիսի 4-ին եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ընտրվեց տեղապահ, իսկ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ կրոնական խորհրդի նախագահ: Սրանով ավարտվեց պատրիարքի ընտրության առաջին փուլը:

Երկրորդ փուլը կանոնակարգային էր. սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց պատրիարքի ընտրության կանոնակարգը, որը վեճերի առարկա դարձավ, քանի որ ըստ այդ կանոնակարգի՝ պատրիարք ընտրվելու իրավունք ունեն միայն Պոլսո Հայոց պատրիարքարանին ենթարկվող եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Այդ կանոնակարգը բացառեց Թուրքիայից դուրս իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող, սակայն Թուրքիայում ծնված եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների մասնակցությունն ընտրություններին:

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որը պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն էր, հայտարարեց, որ այդ կանոնակարգն ընդունվել է, որպեսզի կարողանան խոչընդոտել իր մասնակցությանն ընտրություններին:

Թեկնածուներից մեկը Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն էր, սակայն նա հրաժարվեց իր թեկնածությունից՝ աջակցություն հայտնելով այն թեկնածուներին, որոնց իրավունքները ոտնահարվել էին: Բեկչյանի կողմից թեկնածությունը հանելուց հետո մնացին երկու թեկնածուներ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Երբ սկսվեց նախընտրական գործունեությունը, դրան զուգահեռ խորացավ ճգնաժամը: Սկսվեց հրաժարականների շարք նախընտրական կոմիտեում, որն ընտրությունների հիմքը պետք է լիներ: Առաջինն ընտրություններից հրաժարվեց Սեդրակ Դավությանը, նրան հետևեցին Գարբիս Դուրասլյանը, Գևորգ Էրքանը, Հուգաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը:

Սակայն ոչ հրաժարականները, ոչ էլ հայ համայնքի բողոքը կանոնակարգի դեմ չկարողացան խափանել ընտրությունները: Ի վերջո, տեղի ունեցավ պատվիրակների ընտրություն: Պատվիրակները 3 ճակատից էին՝ նարնջագույնները (Սահակ Մաշալյանի պատվիրակները), մանուշակագույնները (Արամ Աթեշյանի պատվիրակները) և անկախ պատվիրակներ: Ի վերջո, 102 ձայնով ընդդեմ Աթեշյանի 16 ձայնի պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: