«Աթամբաևը ծրագրում էր իշխանության բռնազավթում՝ անկարգությունների հաշվին». Բիշքեկում զանգվածային անկարգությունները հետաքննող պետական հանձնաժողով
Բիշքեկում զանգվածային անկարգությունները հետաքննող պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր ձերբակալման հատուկ գործողության ժամանակ պատրաստվում էր իշխանության բռնի զավթում իրականացնել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7-8-ը մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ Թաշ գյուղում գտնվող Աթամբաևի կեցավայրում հատուկ գործողություն են անցկացրել՝ նախկին նախագահին ձերբակալելու նպատակով: Նրանք հատուկ միջոցներ են կիրառել նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ, Աթամբաևի կողմնակիցներն էլ պատասխան կրակ են բացել: Առաջին օրը նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել: Բացի այդ, 6 հատուկջոկատայիններ պատանդ էին վերցվել Աթամբաևի կողմնակիցների կողմից: Հաջորդ օրը հատուկջոկատայինների և Աթամբաևի կողմնակիցների միջև բախումը վերսկսվել է և տևել մինչ առավոտ՝ չնայած նրան, որ Աթամբաևն արդեն հանձնվել էր ուժայիններին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հատուկ գործողության շրջանակում տուժել է 136 մարդ, մեկ հատուկջոկատային զոհվել է:
«Աթամբաևը, վարկաբեկելով պետական իշխանությանը, ստեղծելով կեղծ տպավորություններ հասարակության մեջ բողոքական տրամադրությունների առկայության մասին, որպեսզի ստանա միջազգային աջակցություն, իշխանության բռնազավթում էր ծրագրում»,-ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ, որը Ղրղզստանի խորհրդարանում այսօր կայացած նիստի ընթացքում ընթերցել է պատգամավոր Տընչտըք Շայնազարովը:
Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ Աթամբաևը պատրաստվել էր զինված պատասխան տալ ուժայիններին հատուկ գործողության ընթացքում, կազմակերպել տարատեսակ սադրանքներ, այդ թվում՝ իր կողմնակիցների շրջանում հնարավոր զոհերի գնով, որոնք պետք է մոբիլիզացնեին ժողովրդին՝ իշխանության դեմ բողոքելու համար:
«Հետագայում ծրագրվում էր իշխանության բռնազավթում՝ անկարգությունների հաշվին»,-եզրակացրել է հանձնաժողովը:
Հանձնաժողովը ստեղծելու մասին հրամանն օգոստոսի 29-ին ստորագրել էր Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալըյ Աբըլգազիևը:
Հանձնաժողովում, որը ղեկավարում է փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ներգրավված են նաև պատգամավորներ, փորձագետներ, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն անցկացրել է 11 նիստ:
2017 թվականին Ղրղզստանի խոշորագույն խորհրդարանական կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաևն ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զիջեց իր մերձավոր դաշնակից Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմակիցների նկատմամբ սկսեցին քրեական գործեր հարուցվել: Աթամբաևին սկսեցին մեղադրել ծանր հանցագործությունների համար: Անձամբ Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ իր և իր քաղաքական կողմնակիցների նկատմամբ հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում:










