Բեյրութի կենտրոնում անկարգությունները դադարել են. «ՌԻԱ Նովոստի»
Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունները դադարել են, անվտանգության ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ ոստիկանական ուժերը ներդրել էին բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտան շիական կուսակցությունների կողմնակիցներին ներխուժել Բեյրութի կենտրոնական հրապարակներ, որտեղ տեղակայված են խաղաղ ցուցարարների վրանները: Ագրեսիվ տրամադրված մարդկանց խմբերը ոստիկանության ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել:
«Արդեն ամեն ինչ հանգիստ է: Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Լիբանանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել շիական կուսակցությունների կողմնակիցներին: Սակայն անկարգությունների պատճառով վնասվել են կայանված մեքենաները:
Խաղաղ ցուցարարների և ոստիկանների շարքերում տուժածներ կան: Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները շարունակում են մնալ բարձր պատրաստության վիճակում:
Շիական կուսակցությունների կողմնակիցներն առաջին անգամ չէ, որ հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա Բեյրութում և այլ քաղաքներում: Նախորդ դեպքերում շիաները մահակներով քանդում և վառում էին խաղաղ ցուցարարների վրանները և ծեծի ենթարկում նրանց:
Լիբանանում հոկտեմբերի 17-ից հակակառավարական ցույցեր են անցկացվում: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները շարունակվում են: Երկրում տնտեսական և ֆինանսական իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ երկիրը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից:










