Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորն անհայտ ծագման հեղուկ է լցրել դահլիճում. խորհրդարանի աշխատանքն ընդհատվել է

16:03 • 12.12.19

Վրացական խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին այսօր անհայտ ծագման հեղուկ է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով նիստն ընդհատվել է: Այս մասին տեղեկացնում է radiotavisupleba.ge կայքը:

«Նրանք որոշել էին ցուցադրական ակցիա կազմակերպել: Ներս մտավ Իրմա Նադիրաշվիլին, ինչ-որ յուրահատուկ հոտով հեղուկ լցրեց և գնաց: Նրանք ցանկանում են, որ խորհրդարանից տարհանում սկսվի: Ոչ մի տարհանում չի լինի, մենք հիմա կօդափոխենք շենքը և կշարունակենք նիստը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին:

Յուրահատուկ հոտի մասին առաջինը բարձրաձայնել է խորհրդարանի նախկին խոսնակ, պատգամավոր Իրաքլի Կոբախիձեն: Նա խնդրել է խոսնակ Արչիլ Թալակվաձեին ընդմիջում հայտարարել, որովհետև հեղուկն անհայտ ծագման էր և կարող էր վնաս հասցնել ներկա գտնվողների առողջությանը:

Ամեն դեպքում պատգամավորներից մի քանիսը վատ են զգացել, ինչի պատճառով խորհրդարան են ժամանել շտապօգնության աշխատակիցներ:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում խոստացել են քննել տեղի ունեցածը և պատժել մեղավորներին:

Խորհրդարանը պետք է հաստատի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին, ինչին ընդդիմությունը կտրականապես դեմ է: