Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը (լուսանկարներ)

17:37 • 12.12.19

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների  սերտ համագործակցության կարևորությունը:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ջերմորեն ողջունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի  գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  պետական սահմանները հատող հանցավորության դեմ պայքարում պետք է կիրառվեն համարժեք և համակարգված միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ իրավական օգնություն ցուցաբերելու և փորձի փոխանակման հարցում: