National Interest ամսագիրը ներկայացրել է աշխարհի ուժեղագույն ռազմածովային նավատորմերը

12:19 • 12.12.19

The National Interest ամսագիրը ներկայացրել է աշխարհի 5 ուժեղագույն ռազմածովային նավատորմերը՝ ցուցակում ընդգրկելով ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային և Ճապոնիային:

Առաջին տեղում ամերիկյան ռազմածովային ուժերն են: Ինչպես նշում է նյութի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավ, քան ցանկացած այլ նավատորմ աշխարհում:

«Ոչ մի այլ ռազմական նավատորմ չունի այդպիսի գլոբալ տարածում, ինչպիսին ԱՄՆ-ի նավատորմը, որը պարբերաբար գործում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական ծովում և Պարսից ծոցում»,- գրված է հոդվածում:

Ամերիկյան նավատորմն ունի 10 ավիակիր, 9 դեսանտային նավ, 22 հածանավ, 62 էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ և 72 սուզանավ:

Երկրորդ տեղում Չինաստանի ռազմածովային ուժերն են: Չինաստանի նավատորմի հզորացումը հնարավոր դարձավ երկրի տնտեսության աճի շնորհիվ, որն էլ 1989 թվականից հանգեցրեց ռազմական բյուջեի տասնապատիկ ավելացմանը: Ներկայում Չինաստանն ունի մեկ ավիակիր, 3 դեսանտային փոխադրամիջոց, 25 էսկադրային ականակիր, 42 ֆրեգատ, 8 ատոմային նավ և շուրջ 50 սուզանավ:

Ցուցակի երրորդ հորիզոնականում է Ռուսաստանի ռազմածովային ուժերը:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, չնայած նրան, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է ցամաքային պետություն, այն ժառանգել է նախկին ԽՍՀՄ-ի նավատորմի մեծ մասը: Միևնույն ժամանակ նավատորմը համալրվում է նոր նավերով, հներն էլ վերակառուցվում են: Ռուսական նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում մեկ ավիակիր, 5 հածանավ, 13 էսկադրային ականակիր և 52 սուզանավ:

Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմն է: Պարբերականը նշում է, որ բրիտանական նավատորմը, ինչպես և երկրի զինված ուժերի մյուս ստորաբաժանումները, վերջին տարիներին հետևողականորեն կրճատվում է: Ներկայում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կազմում կա 3 մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ և էսկադրային ականակիր, 7 հարվածային ատոմային սուզանավ և 4 սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով:

Հնգյակը եզրափակում է Ճապոնիայի ռազմածովային ուժերը: Ծագող արևի երկրի նավատորմն ունի 114 նավ: Նավատորմի միջուկը կազմում են էսկադրային ականակիրները, որոնք 46-ն են: Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Ճապոնիայի ստորջրյա նավատորմը, որը բաղկացած է 16 նավից, հանդիսանում է աշխարհում լավագույններից մեկը: