Թրամփի որդին կաշառքի դիմաց Մոնղոլիայում որսի ժամանակ երկու հազվադեպ կենդանու է կրակել. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, օգոստոսին Մոնղոլիայում որսի ժամանակ անհետացման վտանգի տակ գտնվող հազվադեպ արխար է սպանել, հայտնում է propublica.org կայքը:
Յոթօրյա մասնավոր այցի ժամանակ նախագահի որդուն ուղեկցել են ԱՄՆ-ի և Մոնղոլիայի անվտանգության ծառայությունները: Կրակելու թույլտվությունը սեպտեմբերի 2-ին է տրվել Թրամփ կրտսերին նրա` տարածաշրջանից հեռանալուց հետո, ինչը ոչ ստանդարտ ընթացակարգ է համարվում:
Անցած 35 տարիների ընթացքում արխարների քանակը կտրուկ նվազել է: ԱՄՆ կենդանիների անհետացող տեսակների մասին օրենքով այս կենդանիները դասակարգված են անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների թվին: Արխարը համարվում է Մոնղոլիայի ազգային հարստությունը, սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, որսի թույլտվությունների տրամադրման համակարգը թափանցիկ չէ և հիմնվում է կաշառքների, քաղաքականության և կապերի վրա:
Զբոսավարների խոսքով` Թրամփ կրտսերը կենդանուն կրակել է գիշերը՝ լազերային թիրախավորման հրացանով: Նա արխարից բացի նաև եղջերու է սպանել, ինչի համար նույնպես թույլտվություն է անհրաժեշտ եղել:
Զբոսավարներից մեկն արգելել է որսորդներին տեղում արխարին քերթել՝ կարգադրելով ալյումինե թերթ օգտագործել՝ սատկած կենդանու մարմինը տեղափոխելու համար, որպեսզի չվնասվեն մորթին ու եղջյուրները:
Արխարի մորթին և եղջյուրները տեղափոխելու համար Թրամփ կրտսերը պետք է դիմում ներկայացներ և թույլտվություն ստանար ԱՄՆ-ի վայրի բնության ծառայությունից: Նախագահի որդին չի պատասխանել որսի մասին հնչած հարցերին:










