Օրենսդրական որոշ մեխանիզմներ կան, որոնք նախաձեռնողականությանը չեն նպաստում. Հակոբ Արշակյան
Չէի ցանկանա մեկնաբանել վարչապետի հայտարարությունը, կարծում եմ, որ վարչապետը շատ հանգամանալից անդրադարձավ այդ հարցին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ` անդրադառնալով ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը:
«Կոնկրետ նախարարությունում մեր առաջնահերթությունները դրված են. լինել ստեղծագործ, առաջադեմ, նոր բաներ սովորել և կատարելագործվել և դա ծառայեցնել ի նպաստ պետության, լինել նախաձեռնող, այդ արժեքները դրված են և կարծում եմ, որ բավականի լուրջ առաջընթացներ կան և կլինեն»,- ասաց նա:
Ըստ նրա` ընդհանրապես վարչապետի հայտարարությունը բոլորին է վերաբերում, բայց պետք է քայլեր ձեռնարկել և փոխել իրավիճակը: «Հիմա մեզ մոտ բավականին ակտիվ այդ քայլերը ձեռնարկվում են և այն պաշտոնյաները, ովքեր ոչ մի կերպ չեն մտնում այդ տրամաբանության մեջ, որ պետք է սովորեն նոր բաներ, որ նախաձեռնողականությունը ոչ թե պատժվում է, այլ խրախուսվում է, այդ մարդիկ պարզապես համակարգից դուրս են գալիս»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կառավարության նիստին, երբ հակասություններ առաջացան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև, Դուք, կարծես, ՊԵԿ նախագահին պաշտպանողական դիրքերից հանդես եկաք, Հակոբ Արշակյանը նշեց. «Հանգամանորեն մեկնաբանեցի ելույթիս ընթացքում. ես ասացի, որ համակարգը պետք է լինի նախաձեռնողականությանը նպաստող, այլ ոչ թե արգելակող»:
Հարցին, թե ֆինանսների նախարարությունն արգելակո՞ղ է, նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության որոշ հատվածներ դիմադրում են ինստիտուտցիոնալ օրենսդրությանը, որոշ հատվածներ չեն նպաստում նախաձեռնողականությանը, պետք է փոխվի և գիտի, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են:
Կրկնվող հարցին, թե այդ հատվածների մեջ մտնո՞ւմ է ֆինանսների նախարարությունը կամ նախարարի մոտեցումները, նա ասաց «սա անձնական հարց չէ, սա ինստիտուտցիոնալ հարց է, իսկ նախարարը պահում է օրենսդրական այս կամ այն հատվածը:
«Օրենսդրական որոշ մեխանիզմներ կան, որոնք այդ առաջընթացին կամ նախաձեռնողականությանը և, որոշ դեպքերում, ճկունությանը հակառակ են, դրա մասին է խոսքը, օրինակ` քաղծառայության, գնումների մասին օրենքը»,- հավելեց Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հերթական նիստին ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում»:










