ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում, հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը. վարչապետ (տեսանյութ)

13:16 • 12.12.19

Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է: Այս մասին կառավարության հերթական նիստին բարկացած ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության հերթական նիստին բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հարցը և հակասություններ էին առաջացել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանի միջև:

«Վարչապետի կաբինետում երբեմն խոսակցություններ են տեղի ունեցել, որ ասում են՝ այդ ատկատները, որ փակում եք, այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու: Ես կրկին ասում եմ, որ այս ամենն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս նախարարությունների է, հերիք է այս կեղծիքի մեջ գանք ինչ-որ բան անենք: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում, իրավական համակարգին պետք  է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ»,-ասաց նա և նշեց, որ միշտ ինչ-որ պատճառ կբերվի:

«Հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, քանի որ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ձայն է տվել և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա և նշեց, որ այս ռազմավարությունը երկու անգամ իր մոտ քննարկվել է:

«Կարելի է ասել՝ ՊԵԿ-ը ով է, որ ռազմավարություն է գրել, է, դուք գրեիք, ո՞վ է ձեր ձեռքից բռնել»,-հավելեց վարչապետը: Նշենք, որ ռազմավարությունն ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հարցը քննարկելիս իր վերապահումները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց, հատկապես որ պարզ չէ, թե ինչ կարիք է բավարարվում, և ինչու է երկու անգամից ավելի ծախս արվում: