Հնդկաստանում ուսանողական ցույցերը 36 բուհ են «ներառել» (լուսանկարներ)
Հնդկաստանում 36 համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացնում քաղաքացիության նոր օրենքի ընդունման դեմ, հայտնում է The Times of India-ն:
Հրատարակության տվյալներով` բողոքում են Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական համալսարանի, Մադրասի տեխնոլոգիական համալսարանի, Լակհնաուի, Վարանասիի, Կոչինի, Կալկաթայի և այլ համալսարանների ուսանողները, որոնցից շատերում ուսումնական պրոցեսը կասեցվել է:
Ուսանողները պահանջում են քաղաքացիության վերաբերյալ, իրենց կարծիքով, ոչ արդարացի օրենքի ընդունման չեղարկումը, ինչպես նաև իրենց զորակցությունն են հայտնում երկուշաբթի փակված Նյու Դելիի Ջամիա Միլլիա Իսլամիա և Ալիգարխ քաղաքի Ալիգարխի մահմեդական համալսարանների ուսանողներին, որոնք զանգվածային բողոքի ցույցեր էին կազմակերպել, որոնք ուղեկցվել էին անկարգություններով:
Հրատարակությունն ավելի վաղ նշել էր, որ ավելի քան 70 մարդ է տուժել Նյու Դելիում կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի տեղի ունեցած անկարգությունների և ուսանողների ու ոստիկանության միջև բախումների հետևանքով: Հիմնական անհանգստությունները նկատվել են Ջամիա Միլլիա Իսլամիա համալսարանի շրջանում: Բախումներ եղել են նաև Ալիգարխ քաղաքում, որտեղ 10 ոստիկան և մոտավորապես 30 ուսանող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինչպես ավելի վաղ նշվել էր Tert.am-ը` անցած շաբաթվա վերջին պաշտոնապես ուժի մեջ մտած սկանդալային փոփոխությունները նախատեսում են Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական քաղաքացիներին իրենց երկրում ոտնձգությունների ենթարկվելու դեպքում առավել հեշտությամբ Հնդկաստանի քաղաքացիության տրամադրում:
Օրենքն առաջացրել է հնդիկ մահմեդականների դժգոհությունը, որոնք կարծում են, որ փոփոխությունները խախտում են Սահմանադրությունը, քանի որ այն պաշտոնապես աշխարհիկ երկրում կրոնական հողի վրա ճնշում է որոշ քաղաքացիների: Հարցի շուրջ իրենց վրդովմունքն են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք մտավախություն ունեն, որ Բանգլադեշից միլիոնավոր մարդիկ կարող են օրինական կարգով հաստատվել իրենց շրջաններում: Սա, ըստ բողոքի ակցիաների կազմակերպիչների, սպառնում է տեղի բնակչության շահերին:







![]()










