Եթե նման միջադեպերը պարբերական դառնան, ՀՀ-ն պետք է ինչ-որ բաներ փոխի թե՛ Ադրբեջանի հետ շփումներում, թե՛ առաջնագծում. Կարեն Վրթանեսյանը՝ Տավուշի ուղղությամբ գնդակոծության մասին
Մենք պետք է հստակ հասկանանք, հիշենք, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել այն գաղափարից, որ մի օր մտնելու է Ղարաբաղ ու հայաթափելու այն, թեև վերջինի մասին չի բարձրաձայնում, նման միջադեպերը միշտ էլ հավանական են ու կրկնվելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով երեկ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ գնդակոծությանը:
«Նմանատիպ միջադեպեր կարող են կրկնվել՝ անկախ նրանից, թե այդ կրակոցներից, ենթադրենք, 5 օր առաջ ինչ են հայտարարել կողմերը, անգամ, եթե խոսել են խաղաղությունից»,-նշեց նա՝ ընգծելով, թե պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանը, անկախ խոսակցություններից, վերելակային հանդիպումներից, հայկական կողմի ինչ-որ հանգստացնող հայտարարություններից՝ միշտ մնալու է ագրեսիվ ու վտանգավոր, ռիսկային գործոն հայկական սահմաններում:
Վրթանեսյանն ընդգծեց, թե այս պահին՝ առանց հստակ իմանալու՝ ինչպես են զարգացել գործողությունները, շատ դժվար է գուշակել, թե կոնկրետ միջադեպն ինչի՞ պատճառ է, արդյո՞ք Բաքվից եկած հրահանգով է արվել, թե՞ տեղական մակարդակում զինվորականների ինքնագործունեություն է:
«Ինչ-որ եզրակացություններ անելու համար պետք է սպասել, հասկանալ՝ իրավիճակն ինչպիսի՞ շարունակություն է ստանում. եթե դառնա համակարգված, պարբերական բնույթ կրող, կնշանակի, որ ՀՀ-ն պետք է ինչ-որ բաներ փոխի թե՛ Ադրբեջանի հետ շփումներում, թե՛ առաջնագծում, թե՛ սահմանին»,-ասաց Վրթանեսյանը:
Անդրադառնալով հարցին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պե՞տք է անդրադառնա միջադեպին, ռազմական փորձագետն ասաց, թե սա այնպիսի իրադարձություն չէ, որ իմաստ ունենա սրա համար ՀԱՊԿ- «խառնել»:
«Եթե մենք արդեն սովորական դարձած հրաձգության համար խառնենք ՀԱՊԿ-ին, կնշանակի, որ մեր անվտանգությունն ամենացածր մակարդակով ի վիճակի չենք ապահովել, ինչն, իհարկե, սխալ հաղորդագրություն կլինի: Այս կարգի խնդիրները թե՛ նախկինում, թե՛ հիմա մեծ մասամբ լուծվել են մեր գործողություններով, մեր Զինված ուժերի հնարավորություններով, և կարիք չկա այս մասշտաբի միջադեպի համար դիմել ՀԱՊԿ-ին»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով նաև, որ միջադեպի մասին տեղեկացնելն անհրաժեշտ է:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:










