150 երեխայի ծնող դիմում է ներկայացրել Վաղարշապատի թիվ 8 դպրոցից երեխաներին դուրս հանելու համար, կառավարությունից խոստացել են՝ երկուշաբթի օրը դժգոհողները պատասխանը կստանան (տեսանյութ)
150 երեխայի ծնող դիմում է ներկայացրել, որպեսզի իրենց երեխաներին հանեն դպրոցից: Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց Վաղարշապատի թիվ 8 դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի նշանակման դեմ պայքարողներից Արմինե Դանիելյանը:
Հարցին՝ երեկ մարզպետարանում հանդիպմանը նա ևս էլ է ներկա եղել, ի՞նչը նրան չի գոհացրել, որ եկել է կառավարության մոտ, Դանիելյանը պատասխանեց, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի պատասխանն իրենց չի գոհացրել և հիմա եկել են կառավարություն, որ այնտեղից իրենց գոհացնող պատասխան ստանան:
Դիտարկմանն առ այն, որ մարզպետը երեկ ասում էր՝ դասերը չեն անցկացվում և հարցին՝ այսօր աշակերտները եկե՞լ են դպրոց, նա պատասխանեց. «Այո, նորմալ դասերն ընթացել են, ժամը երեքից հետո նոր եկել ենք այստեղ: Երեքշաբթի օրը չենք արել դաս, վաղն ենք լրացնելու այդ դասաժամերը»:
Դիտարկմանը, որ ծնողները նորանշանակ տնօրենի հետ կապված միտում են տեսնում, Արմինե Դանիելյանն ասաց. «Այո, եթե արդարություն չկա, ուրեմն ամեն ինչ կա այս գործի տակ, փակագծերը պետք է բացվեն: Շուշանիկ Պետրոսյանը երեք ձայն է հավաքել, իսկ մեր տնօրենը 4 ձայն է հավաքել, հաղթել է Շուշանիկը, ուրեմն այստեղ մի գաղտնիք կա: Ումից պատասխան ենք ուզում, ոչ ոք պատասխան չի տալիս: 150 երեխայի ծնող դիմում է ներկայացրել, որ դուրս գան դպրոցից երեխաները»:
Այնուհետև բողոքի ակցիա անողներին ընդունել են կառավարությունում: «Շատ նորմալ ընդունեցին մեզ, մեր մտահոգությունները լսեցին: Ակնկալում ենք, որ երկուշաբթի օրը մենք մեր պատասխանը կստանանք, իսկ ամենակարևորն այն էր, որ այս մարդիկ, ոչ մի բանից տեղյակ չէին: Տեղյակ չէին, որ կա երեք ձայն, չորս ձայն, ոչ մի կերպ այս մարդիկ տեղյակ չէին: Մարզպետարանից սլաքները ուղղում էին վարչապետի գրասենյակ, մենք այստեղ չհամոզվեցինք, որ ճիշտ էր խոսում մարզպետը»,- ասաց ակցիայի մասնակցիներից մեկը:
Հիշեցնենք, որ Վաղարշապատի թիվ 8 դպրոցի ուսուցիչները պահանջում են նորընտիր տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը: Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը: Ուսուցիչներն ու ծնողները պնդում են՝ Ոսկանյանը վատ համբավ ունի:










