Այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել․ Մարինա Թաշչյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրության մասին

20:26 • 23.12.19

Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը (Հենրիխ Մխիթարյանի մայրն է)՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը խայտառակություն որակելով։

«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր  «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,- ասաց Մարինա Թաշչյանը։

Նա նշեց, որ եթե իր գիտելիքների կարիքը չունեն, ապա նա ոչ մի քայլ չի ձեռնարկի, սակայն պայքարելու է մինչև վերջ։ Ըստ նրա՝ հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։

«(Արմեն– խմբ.) Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»,- նշեց նա և հավելեց, որ, այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում եղել է։

Հարցին, թե արդյոք  իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանը պատասխանեց, որ եթե կօգտագործի, թող օգտագործի։ «Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են, ավելին չեմ ասի»,-ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը, նա ստացել է 13 ձայն, իսկ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել էր 7 պատվիրակ: Այսօր ձևավորվել է նաև ՀՖՖ գործկոմի նոր կազմը: ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է Արմեն Նիկողոսյանը։