Այս ամենն օրինական չէր. ինձ ծանուցում ցույց չտվեցին, սկզբում բերման ենթարկեցին որպես կասկածյալ, հետո հարցաքննեցին որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ (տեսանյութ)

16:44 • 24.12.19

Այս ամենը օրինական չէր, ինձ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով իրեն այսօր ԵՊՀ շենքից բերման ենթարկելուն։

Դավիթ Ափոյանը նշեց, որ իրեն բերման են ենթարկել այն պատճառով, որ համալսարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև ԵՊՀ ՈՒԽ-ի անդամներից մեկը, սակայն նա նշեց, որ այդ անձին չի ճանաչում։

«Ես նրանց ներկայացրի, որ չեմ ճանաչում, որոշ ժամանակ անց իրավապահ մարմիններից մեկը դուրս եկավ, ենթադրում եմ՝ հեռախոսով խոսեց, հետ եկավ և ասաց, որ պետք է ինձ բերման ենթարկեն։ Դա տարօրինակ էր, ես նրանց հարցրի, թե ինչ հիմքով են ինձ բերման ենթարկում, ծանուցման կամ որոշման օրինակ ուզեցի, որևէ բան ցույց չտվեցին»,- պատմեց նա։

Դավիթ Ափոյանը ներկայացրեց, որ փաստաբանի հետ խոսել է, և փաստաբանն ասել է, որ խնդիր չկա, բայց, ըստ նրա, համալսարանից ոչ մի ուսանողի, հատկապես ՈՒԽ-ի նախագահին չպետք է այդ կերպով բերման ենթարկեն։ Նրան սկզբում որպես կասկածյալ են տարել, սակայն հարցաքննվել է որպես վկա։

«Ես ուսանողական խորհրդի պարգևատրման ժամանակ բեմում կանգնած եմ եղել, 200 ուսանողի ներկայությամբ ինձ, որպես վկա կանչում են հարցաքննության․ սա ծիծաղելի է։ Նրանք անհիմն են ինձ բերման ենթարկել»,- ասաց նա և ևս մեկ անգամ նշեց, որ միջադեպից տեղյակ չի եղել։

Հիշեցնեք, որ Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։ Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:


Մանրամասները՝ տեսանյութում։