ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման են ենթարկել ԵՊՀ կրակոցների դեպքի հետ կապված. ցուցմունք կտա, կազատեն. ԵՊՀ ռեկտորի ԺՊ (տեսանյութ)
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած կրակոցների դեպքի առնչությամբ: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Ցուցմունք կտա՝ ում է ճանաչում, ում չի ճանաչում, կազատեն, երկար չեն պահի: Ուրբաթ օրվա դեպքի հետ է կապված, ուրիշ բարդ բան չկա: Ընդհարում էր եղել համալսարանում, պնևմատիկ զենքից կրակոցներ են եղել»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Հարցին, թե իրավաբանական ֆակուլտետում են կրակոցներ եղել, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Դրան մոտ, բայց ոչ իրավաբանական ֆակուլտետում»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին այսօր բերման են ենթարկել, նրան տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին։










