Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող էր 3000 դրամ վճարել և պետռեգիստրով տեսնել, որ ես մինչև իմ քաղաքապետ դառնալն այլևս «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենը չեմ հանդիսացել. քաղաքապետ

17:17 • 25.12.19

Ինձ համար ցավալի փաստ է, որ Հայաստանում դաշտն այս վիճակում է։ Այստեղ երկու կոմպոնենտ կա, մեկը կապված է լրատվամիջոցների հետ, մյուսը՝ նորաստեղծ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։

«Երբ օրաթերթի կողմից հրապարակվեց տեղեկությունը, նույն օրը մեր կողմից բոլոր փաստաթղթերով դա հերքվեց։ Այնուամենայնիվ այդ հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Ես մի փոքր զրուցել եմ իմ իրավաբան ընկերների հետ և հարցրել՝ չկա՞ նախաքննության գաղափար մինչև վարույթ հարուցելը, ասացին, իհարկե կա։ Վարույթը հարուցելուց հետո են դիմել։

Կարծում եմ՝ այդքան ժամանակ, այդքան գումար, այդքան պետական ռեսուրս ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ է, ընդամենը 3000 դրամ կարող էին վճարել և պետռեգիստրով տեսնել, որ ես մինչև իմ քաղաքապետ դառնալն այլևս «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենը չեմ հանդիսացել։ Եթե այդ 3000 դրամը չկա, ես 400 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ավել գումար չեմ ստանում, իմ 400 հազար դրամից պատրաստ եմ 3000 դրամը տրամադրել այդ կառույցին, որպեսզի իրենք նայեն, տեսնեն և պետության ռեսուրսներն ու ժամանակը դրա վրա չծախսեն: Ես ուզում էի դա անել, բայց վախեցա, որ դա էլ կարող են կաշառք դիտարկել ու մի հատ վարույթ էլ այդտեղ հարուցեն»,-ասաց քաղաքապետը։

Մարությանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, թե երկրի բոլոր կոռուպցիոներներին բռնել են, բոլորը նստած են, և հիմա զբաղվում են նմանատիպ հարցերով։

Հարցին, արդյո՞ք միտում տեսնում է այստեղ, քաղաքապետն ասաց. «Ճիշտն ասած դա որպես միտում չձևակերպեմ, բայց եթե չեմ սխալվում այդ կառույցի ղեկավարին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Չեմ ուզում այդտեղ միտում տեսնել, այնուամենայնիվ, կուզենայի այս փաստն արձանագրել»: