«5-րդ ալիքի» սեփականատիրոջ ձերբակալությունը լրատվամիջոցներին ճնշելու փորձ է. այսօր ազատ մամուլի հետ կատարվողը վերադարձ է 90-ականներ. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

14:48 • 25.12.19

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը լրատվամիջոցներին ճնշելու փորձ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Այն, ինչ այսօր կատարվում է ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ, վերադարձ է 90-ականներ: Մենք գիտենք՝ դա ինչով է վերջացել. սա էլ է այդպես վերջանալու»,-նշեց Վարդանյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանում հատուկենտ մարդիկ գիտեն, թե ինչ դերակատարություն է ունեցել Արմեն Թավադյանը Հայաստանի անվտանգությանն աջակցություն ցուցաբերելու առումով: «Երկար տարիներ նա եղել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը Մոսկվայում, և այսօր այս շինծու, ամոթալի վարքագիծն է դրսևորվում նրա հանդեպ. սրանով ոչ մի տեղ չեն հասնելու»,-նշեց նա:

Վարդանյանի խոսքով՝ իշխանությունները շարունակում են գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի, և ընդհակառակը, օր օրի թուլացնելու է նրանց հիմքերը. «Լավ, ևս մեկ ձերբակալություն, ևս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի ազատության հանձնախմբի հավաքած շուրջ 60 000 ստորագրություններին՝ Վարդանյանը նշեց, թե վերջին մեկ շաբաթում մոտ 1000-ով ավելացել են ստորագրությունները:

«Դրանք նպատակ չունեն Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու, սա ընդամենը այս իշխանություններին ցույց է տալիս, որ իրենց ասած զրո ստորագրությունը կամ զրո աջակցությունն ուղղակի անհեթեթություն է: Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր ուզում են այս վիճակից դուրս գալ, հասկանում են, որ Քոչարյանին ապօրինի բանտախցում պահելը որևէ բան չի տալու ո՛չ այս երկրին, ո՛չ էլ ՀՀ որևէ քաղաքացու»,-ասաց Աղվան Վարդանյանը:


Մանրամասները՝ տեսանյութում: