Գրանցվեց ՀՀ նախագահի ինստիտուտի ֆիզիկական մահը, շտապում ենք հոգեհանգսի արարողությանը. Նարեկ Սամսոնյանի բողոքի ակցիան՝ Բաղրամյան 26-ի դիմաց (տեսանյութ)
Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր Բաղրամյան 26-ի դիմաց իրականացրել է ակցիա՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի ստորագրմանը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի:
Ակցիայի ժամանակ Նարեկ Սամսոնյանը նշել է, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր «մահացավ» ՀՀ Նախագահի ինստիտուտը, և իրենք հիմա մասնակցում են «հոգեհանգստի արարողությանը»:
«ՀՀ նախագահի ինստիտուտի ֆիզիկական մահը գրանցվեց և մենք շտապում ենք հոգեհանգսի արարողությանը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Նարեկ Սամսոնյանը:
Անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագահի ստորագրմանը՝ նա ասել է.«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող տուրիստը` Արմեն Սարգսյանը, ստորագրել է ՀՀ հակասահմանադրական՝ իրենից կաշառք ենթադրող օրենք: Հանգուցյալը կոմայի մեջ էր 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից և բժիշկներն ամեն ինչ արեցին՝ փրկելու նրա կյանքը: Արմեն Սարգսյանն իրոք կարող էր լավ նախագահ լինել, եթե լսեր բժիշկների խորհուրդները»,- ասել է նա:
Նարեկ Սարգսյանը ցանկանում էր սև ժապավենով նկարը դնել նախագահականի մուտքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս և նա այն թողեց ընդունարանի` նախագահի աշխատակազմին նամակներ հանձնելու համար նախատեսված արկղում:
Մանրամասները դիտեք տեսանյութում։










