Հայկ Սարգսյանի՝ բանակից ազատվելու նախագծին վատ եմ վերաբերվում. ուզում եմ՝ բոլորը ծառայեն․Արտակ Դավթյան (տեսանյութ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած ծրագրին, որի համաձայն՝ 10 միլիոն վճարելով կարելի է ընդամենը մեկ ամիս ծառայել ՀՀ Զինված Ուժերում, ասաց, որ վատ է վերաբերվում դրան։
«Մի խոսքով՝ վատ։ Ես՝ որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ո՞նց մեկնաբանեմ գումարով բանակից ազատվելուն։ Մեր հասարակությունը, ունենալով որոշակի մոտեցումներ, շատերն ուղղակի կծախեն իրենց տներն էլ և այդ 10 միլիոն դրամը կտան, ուրիշ հարց, եթե 100 միլիոնի մասին մտածեինք, բայց 10, 20 միլիոնը կարծում եմ՝ քննարկելու չէ։ Մոտեցման տեսանկյունից գտնում եմ, որ ճիշտ չէ»,- նշեց նա։
Արտակ Դավթյանի խոսքով՝ ճիշտ կլիներ քննարկել, թե ով պետք է ծառայի, ով՝ ոչ։ Նա նշեց, որ ոմանք կարող են առողջական կամ այլ խնդիրների պատճառով չծառայել, սակայն հիմա նրա համար կարևորը այն է, որ զորքերը համալրվեն նորմալ զինծառայողներով։
«Ես ուզում եմ, որ բոլորը ծառայեն։ Դա շատ մեծ գրավական է։ Հարգում եմ բոլորի գաղափարները, բայց ես գտնում եմ, որ մենք անգամ չենք հասունացել նման գաղափարներ քննարկելու համար»,- նշեց նա և հավելեց, որ այսպիսի օրենքն անհավասարություն կստեղծի։ Ըստ նրա, եթե հասարակությունը տեսնի, որ մեկը օրենքը չի կատարում, ինքն էլ չի կատարի։
Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ նախագծի ծառայությունից խուսափելու համար երկիրը լքած քաղաքացին կվճարի 10 մլն դրամ և կծառայի 1 ամիս։










