Իրանական օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է Ադրբեջանի մոտակայքում. լրատվամիջոցներ

12:18 • 26.12.19

Իրանի ռազմաօդային ուժերը կորցրել են ՄիԳ-29 կործանիչը: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Կործանիչը ղեկավարել է Իրանի ռազմաօդային ուժերի փորձառու օդաչու, գնդապետ Մոհամմադ Ռեզա Ռահմանին: Տվյալ պահին նրա ճակատագիրն անհայտ է: Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ օդաչուն վթարից հետո կապի է դուրս եկել բազայի հետ:

«Չնայած եղանակային բարդ պայմաններին և կործանման վայրը որոշելու դժվարություններին՝ օդաչուի որոնումները շարունակվելու են օդային և ցամաքային որոնողական խմբերի կողմից»,- հայտարարել են ռազմական գերատեսչությունից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի 25-ին Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: