Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել «Գազպրոմի» հետ հաշտության համաձայնագրի ստորագրմանը

19:19 • 28.12.19

Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել «Գազպրոմի» հետ հաշտության համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած համապատասխան կարգադրությանը:  

«Հաստատել հաշտության համաձայնագրի նախագիծը «Գազպրոմ» հասարակական բաժնետիրական ընկերության` Ուկրաինայի պետության դեմ ներկայացրած հայցի հիման վրա, որը վերանայվում է ad hoc արբիտրաժային դատարանի կողմից` ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնակարգի համաձայն, գործ № 2019-10»,- ասվում  է կարգադրության մեջ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը  հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հունվարի 1-ից չեղարկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջները:

Վերջնական որոշում չունեցող դատական հայցերից հրաժարման պայմանավորվածությունը դարձել էր գազային համագործակցության արձանագրության մի մասը, որը Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են դեկտեմբերի 20-ին: