Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել

21:31 • 05.01.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Ելույթ ունենալով Վատիկանում «Անգելուս» կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ Հռոմի Պապը պետությունների անուններ չի նշել, սակայն ընդգծել է «լարվածության սարսափելի մթնոլորտը, որն այժմ տիրում է աշխարհի շատ մասերում:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին երկխոսություն և զսպվածություն պահպանել և հեռու վանել թշնամանքի ստվերը»,- ասել է նա:

«Պատերազմը միայն մահ ու ավերում է բերում»,- հավելել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

Այսօր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան. տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը: