ԱՄՆ Կոնգրեսում Թրամփին կոչ են արել օրենք կարդալ և հիշեցրել են, որ նա բռնապետ չէ

12:29 • 06.01.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն նախագահ Թրամփին հիշեցրել է, որ նա բռնապետ չէ և խորհուրդ է տվել օրենքներ կարդալ, տեղեկացնում է կոմիտեի թվիթերյան էջը:

Նման կերպով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատասխանել է Թրամփի գրառմանը, որում վերջինս հայտարարել է, որ սոցիալական կայքում իր հաղորդագրությունները ԱՄՆ Կոնգրեսի համար կծառայեն որպես ծանուցում Իրանի ագրեսիային պատասխան հարված հասցնելու մասին:

«Իրավական տեսանկյունից նման ծանուցում չի պահանջվում, սակայն բոլոր դեպքերում այն տրվել է»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ի պատասխան` կոմիտեն նշել է որ, այդ «հրապարակումերը կծառայեն որպես հիշեցում այն մասին, որ ԱՄՆ սահմանադրության համապատասխան Կոնգրեսը ռազմական լիազորություններ ունի»:

«Ինչպես նաև պետք է կարդաք ռազմական գործողությունների պայմաններում լիազորությունների մասին օրենքը և հիշեք, որ բռնապետ չեք»,- ասվում է կոմիտեի հայտարարությունում: 

Մինչ այդ դեմոկրատները Կոնգրեսում հարց էին բարձրացրել այն մասին, թե արդյոք Թրամփն իրավունք է ունեցել առանց Կոնգրեսի հավանության ռազմական հարվածի վերաբերյալ հրաման տալ, քանի որ այդ պարագայում Իրանի հնարավոր պատասխանը հաշվի չի առնվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: