Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը տեխզննում էր անցել հունվարի 6-ին

14:57 • 08.01.20

Թեհրանի մոտակայքում կործանված ինքնաթիռն արտադրվել էր 2016 թվականին և վերջին անգամ տեխնիկական սպասարկում էր անցել հունվարի 6-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությանը:

«Ինքնաթիռը 2016 թվականի արտադրության էր, ավիաընկերությունն այն ստացել է արտադրող գործարանից: Վերջին պլանային տեխնիկական սպասարկումն անցել էր 2020 թվականի հունվարի 6-ին»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։