ՆԱՏՕ-ն իր զորակազմի մի մասին դուրս կբերի Իրաքից

10:24 • 08.01.20

Հյուսիսատլանտյան դաշինքն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դուրս կհանի իր զինծառայողների մի մասին Իրաքից: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի աշխատակցի հայտարարությանը:

«Մեր անձնակազմի անվտանգությունն առաջնահերթ է»,-ասված է դաշինքի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նա չի հստակեցրել, թե ինչ թվի մասին է խոսքը, բայց նշել է, որ զինվորականները կտեղափոխվեն Իրաքի սահմաններից դուրս:

«Մենք չենք կարող տեղեկացնել գործողության մանրամասների մասին՝ ելնելով մեր զինծառայողների անվտանգության շահերից»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի աշխատակիցը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել էր, որ դաշինքը հանուն իր անձնակազմի անվտանգության դադարեցնում է իրաքցի զինծառայողների ռազմական ուսուցման առաքելությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին: