Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորների մահը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության վարչությունը հաստատել է Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների մահը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ընկերության ներկայացուցչի տեղեկության համաձայն` 2020 թվականի հունվարի 8-ին Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (քաղաք Թեհրան) կատարած թռիչքից հետո ընկերության ինքնաթիռն աղետի է ենթարկվել և ընկել օդանավակայանից ոչ հեռու: Տեղեկության համաձայն, որը դեռևս հստակեցվում է, նշված ուղղության ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Իրանական Tasnim գործակալության համաձայն` ինքնաթիռում գտնվել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:










