Ուկրաինացին պատմել է, թե ինչպես հրաշքով չի մեկնել Թեհրանում կործանված ինքնաթիռով
Ուկրաինացի Անդրեյ Բուզարովը, որը գտնվում է Թեհրանում, պատմել է, որ ինքը պետք է Կիև մեկներ Թեհրանում այսօր առավոտյան կործանված ինքնաթիռով, բայց հանգամանքների բերումով գնել է հաջորդ օրվա թռիչքի տոմս:
«Հունվարի 4-ին, երբ ես եկա «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» գրասենյակ, ինձ խորհուրդ տվեցին հունվարի 9-ի տոմս գնել, ոչ թե 8-ի, քանի որ այսօրվա տոմսն ավելի թանկ էր: Համաժողովի կազմակերպիչներն էլ խորհուրդ էին տալիս հունվարի 8-ի տոմսը գնել, քանի որ հյուրանոցի համար այլևս վճարում կատարված չէր: Այնուամենայնիվ, ես որոշեցի գնել հունվարի 9-ի տոմսը և անձամբ ևս մեկ օրվա համար վճարել հյուրանոցին»,- գրել է Բուզարովն իր Facebook-ի էջում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ:










