Իրանում կործանված ուկրաինական օդանավի «սև արկղերի» տվյալների մի մասն անհետացել է
Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի կործանված ինքնաթիռի երկու ինքնագրիչների տվյալների մի մասը կորել է, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով իրանցի քննիչների զեկույցին:
Ըստ քննիչների՝ երկու «սև արկղերը» վնասվել են, ուստի օդանավի տեխնիկական տվյալների և խցիկում խոսակցությունների մի մասը կորած է համարվում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցի համաձայն` Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը:
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքային ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը ցանկացել է վերադառնալ օդանավակայան և ինքնաթիռն այդ կողմ է թեքել:
Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:
Վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի այրման հետևանքով:










