ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԱՆ նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանի գործն ուղարկվել է Դատախազություն
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Դատախազություն։
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ։










