Պաշտոնյաների աշխատավարձի մասին Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդյունքն է. Վահան Բաբայան
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պաշտոնյաների աշխատավարձերի, պագևավճարների մասին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ ավել վաղ արված մեկնաբանությանը, որում վերջինս նշել էր, թե նախարարը պետք է բարձր աշխատավարձ ստանա, այլապես դա կլինի նրանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում: Վահան Բաբայանի գրառման մեջ ասվում է.
«Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը, ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդյունքն է
Փաշինյանը ժամանակին ասում էր, որ այդ ի՞նչ եք արել երկրի համար, որ ուզում եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց
քննադատում էր նախկին իշխանությանը:
Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:
Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը պարզվում է քիչ է, բայց ուսուցիչը, դասախոսը, բժիշկը կարող են կոպեկներ ստանալ, քանի որ նրանք նախարար չեն: Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:
Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը, նրանց ցանկությունները և ախորժակը»:










