Տեխաս նահանգում հղիության արհեստական ընդհատումները կորոնավիրուսի հետևանքով արգելելն օրենսդրական խախտում են համարել
Ամերիկյան Տեխաս նահանգի դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ նահանգում հղիության արհեստական ընդհատումների մի մասը կարող է իրականացվել՝ չնայած պաշտոնյաների՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում դրանք ամբողջովին արգելելու փորձերին, գրում է Reuters գործակալությունը։
Օսթինի շրջանից դատավոր Լի Յիքելի կարծիքով՝ պաշտոնյաները խախտում են սահմանադրությունը՝ հղիության արհեստական ընդհատումները ոչ շտապ բժշկական պրոցեդուրաների շարքին դասելով: Նրա վճռի համաձայն՝ հղիության արհեստական ընդհատում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ համավարակի հետևանքով հիվանդանոցների ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով ձեռնարկված սահմանափակումները չեն գործում։
Յիքելի վճռում նկարագրվում է հղիության արհեստական ընդհատման ոչ վիրահատական ընթացակարգը, երբ պտղին հեռացնում են հատուկ խողովակի միջոցով, և դեղամիջոցներով ընդհատումը, երբ սկզբում կնոջն ուղղակի հաբեր են նշանակում։
Նշվում է, որ եթե վերաքննիչ դատարանը հավանություն տա այս որոշմանը, ապա հղիության արհեստական ընդհատումների մի մասը թույլատրելի կլինի նահանգում։ Տեխասում այն կարելի է իրականացնել մինչև 22 շաբաթական հղիությունը։
Ավելի վաղ Յիքելն առավել համապարփակ որոշում էր կայացրել, որը մերժվել էր վերաքննիչ դատարանի կողմից: Այդ ժամանակ դատարանը վճռել էր, որ շրջանային դատավորն իր լիազորությունների սահմանն անցել է և որոշում է ընդունել, որը կարող է ընդունել միայն նահանգապետը:
Տեխասի իշխանություններն արդեն երկար տարիներ փորձում են հղիության արհեստական ընդհատումներն արգելել՝ բացառությամբ կյանքին սպառնալիք հանդիսացող դեպքերի։
Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում վերաքննիչ դատարանը հրաժարվել էր իշխանությունների խնդրանքով շրջանային դատարանի նմանատիպ վճիռն արգելափակել, այդկերպ այս նահանգում նույնպես հղիության արհեստական ընդհատումը հնարավոր չի եղել արգելել։










