Tert.am-ի հրապարակումից հետո վերականգնվել է Ալավերդիում բնակվող 4 անչափահաս երեխաների մոր ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը
Ս․թ․ ապրիլի 7-ին Tert.am-ի խմբագրություն ահազանգած Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակչուհի Վարդուհի Չուլջյանը հայտնել էր, որ չորս անչափահաս երեխա ունի և իրեն զրկել են ընտանեկան նպաստից, մարտ ամսվա նպաստը հրաժարվում են վճարել:
Այսօր Լոռու մարզպետարանը խմբագրություն է ուղարկել վերոնշյալ դեպքի առնչությամբ պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև․
«Թերթ.am» -ի հարգելի խմբագրակազմ
Ապրիլի 7-ին ձեր կողմից հրապարակված «Հացի խնդիր ունենք, զրկել են նպաստից, 4 անչափահաս երեխաներիս ինչպե՞ս կերակրեմ. Ալավերդիի բնակիչ» վերնագրով հրապարակման հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ալավերդու Ակներ թաղամասի 1/83 հասցեի բնակչուհի Վարդուհի Չուլջյանի ընտանեկան նպաստի դադարեցման պատճառն այն է եղել, որ անապահովության գնահատման համակարգում Վարդուհի Չուլջյանի ընտանիքի փաստագրման ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 22-ին: Նոր հաշվառման համար ընտանիքը չի ներկայացրել դիմում-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը՝ ամուսնու բացակայության պատճառաբանությամբ:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ ընտանիքը կորցնում է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը: «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» հետևանքով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հայտարարված կարանտինի պայմաններում ՀՀ Լոռու մարզպետարանի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, նկատի առնելով Վ.Չուլջյանի ընտանիքի կողմից նոր փաստաթղթեր ներկայացնելու անհնարինությունը, 2020թ. մարտին վերափաստագրել է ընտանիքին անապահովության գնահատման համակարգում և վերականգնել ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը /ընտանեկան նպաստի վճարումը կիրականացվի ապրիլ ամսին/: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղ. Վ.Չուլջյանը անապահովության գնահատման համակարգից դուրս մնալու վերաբերյալ չի դիմել ՀՀ Լոռու մարզպետարան»:










