Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN

23:17 • 10.04.20

Չինաստանի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում այս շաբաթ տրամադրությունը հաղթական էր․ բնակիչները վերջապես դուրս են եկել ամիսներ տևած մեկուսացումից, գրում է CNN-ը։

«Ինչպես փյունիկ, Ուհանը վերադառնում է մութ կորոնավիրուսային մեկուսացումից»,- նշվում Է Global Times-ը, իսկ մյուս հրատարակությունները պատմում են, որ քաղաքն «աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին», այնտեղ նույնիսկ հարսանյաց արարողություններն են տեղի ունենում։

Սակայն այդ վստահության պատնեշի տակ թաքնված են անհանգստության սպառնալիքներ․ հիվանդության նոր ալիքը, ինչպես նաև արգելափակումը, մահն ու տառապանքը կարող է հորիզոնում լինել, գրում է աղբյուրը։

Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ցզինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:

«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - հայտարարել է նա։

Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։

Տեղի պաշտոնյաների հաղորդմամբ՝ «թվի զրոյական աճը չի նշանակում զրոյական ռիսկ»։