«Ես խնդրում եմ բոլոր ամերիկացիներին աղոթել, որպեսզի Աստված բժշկի մեր երկիրը»․ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքի կարևորության մասին․ Washington Examiner

23:56 • 10.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքի կարևորության մասին, գրում է Washington Examiner-ը։

Թրամփը հանդիպել է Ավետարանական եկեղեցիների համայնքի նախագահ եպիսկոպոս Հարի Ջեքսոնի հետ: Ավետարանական քրիստոնյաները Թրամփի ընտրազանգվածի զգալի մասն են կազմում։

«Մեր ժողովուրդը հսկայական զոհեր է տալիս, որպեսզի վերջ դնի ներկայիս համավարակին։ Չնայած մենք չենք կարող միասին հավաքվել Զատկի տոնին, ինչպես սովորաբար անում ենք, բայց կարող ենք  այս սրբազան օրերն օգտագործել աղոթելու, խորհելու և Աստծո հետ մեր հարաբերությունները կառուցելու համար, դա շատ կարևոր է», - ասել է Թրամփը հանդիպման ընթացքում:

«Ես խնդրում եմ բոլոր ամերիկացիներին աղոթել, որ Աստված բժշկի մեր երկիրը, մխիթարի սգավորներին, զորացնի բժիշկներին, բուժքույրերին և բուժաշխատողներին, վերականգնի հիվանդների առողջությունը և հույս արթնացնի յուրաքանչյուր տառապյալի մեջ», - ասել է Թրամփը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջատարն է․ երկրում արձանագրվել է 478 098 դեպք, որոնցից 17 919-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: