«Եթե բուժաշխատողներին վտանգ է սպառնում, մեզ բոլորիս նույնպես վտանգ է սպառնում»․ ԱՀԿ-ն հայտնել է, որ յուրաքանչյուր տասներորդ բուժաշխատողը վարակվում է կորոնավիրուսով․ Metro
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրում է մի շարք երկրներում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի վարակման զանգվածային դեպքերի պատճառները՝ դա համարելով վտանգավոր միտում: Այդ մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, գրում է Metro-ն։
«Մենք հատկապես մտահոգված ենք բուժաշխատողների շրջանում մեծ թվով վարակումների մասին հաղորդագրություններով։ Մի շարք երկրներում հաղորդում է յուրաքանչյուր 10-րդ բժշկի վարակված լինելու մասին: Դա մտահոգիչ միտում է։ Եթե բուժաշխատողներին վտանգ է սպառնում, մեզ բոլորիս նույնպես վտանգ է սպառնում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ուսումնասիրում է դրա պատճառները՝ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Չինաստանից և Սինգապուրից ստացված տեղեկությունների հիման վրա: Ըստ հաղորդման՝ մի շարք դեպքերում բժիշկների շրջանում կորոնավիրուսի զանգվածային դեպքերի պատճառ կարող է հանդիսանալ որոշ բժիշկների՝ շնչառական հիվանդություններ ունեցող հիվանդների հետ աշխատանքի փորձի պակասը, ինչպես նաև երկարատև հերթափոխերի և անբավարար հանգստի պայմաններում մեծ թվով հիվանդների հետ աշխատանքը։
«Վկայությունները ցույց են տալիս, որ վարակը կարելի է կանխել, եթե բուժաշխատողները պատշաճ կերպով կրեն անհատական պաշտպանական միջոցներ։ Բուժաշխատողների համար դիմակների, ձեռնոցների, խալաթների և անհատական պաշտպանության այլ միջոցների հասանելիությունը խիստ կարևոր է», - հավելել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:










