Մակրոնին սպասարկող մեքենաներում ուղևորին վարորդից բաժանող վահանակներ են տեղադրվել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար (լուսանկար)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոպարկի 20 ավտոմեքենայում հատուկ թափանցիկ բաժանարար վահանակներ են տեղադրել, որոնք ուղևորին բաժանում են վարորդից՝ կանխելով վիրուսի տարածումը, գրում է korrespondent.net կայքը։
Վահանակները ստեղծել է Թուլուզում գտնվող Usipanel ընկերությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ ձեռնարկված միջոցառումների շրջանակում։
«Մենք դիմել ենք Ելիսեյան պալատ և առաջարկել այդ վահանակները, մեկ օրվա ընթացքում համաձայնության ենք եկել նախագահի և նրա խորհրդականների մեքենաները դրանցով ապահովելու շուրջ»,- նշել է ընկերության համահիմնադիր Ֆրանսուա Շանտրիոն։
Նշենք, որ Ֆրանսիայում մարտի 17-ից համավարակի կանխարգելման համար կարանտինային խիստ ռեժիմ է գործում։
Երկրում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է թույլատրվում տնից դուրս գալ։ Տեղաշարժման համար անձը պետք է հատուկ թղթային կամ առցանց տարբերակով ձևաթուղթ լրացնի՝ նշելով անձնական տվյալները, բնակության հասցեն, տնից դուրս գալու և վերադարձի ժամանակը և այլն։
Ռեժիմի խախտման համար 135 եվրոյի չափով տուգանք կամ մի քանի ամսով ազատազրկում է նախատեսվում։
Երկրի ներքին գործերի նախարարությունը մարդկանց՝ կարանտինային ռեժիմին հետևելը վերահսկելու համար 160 000 ոստիկան ու ժանդարմ է ներգրավել:











